
Տեխնոլոգիա դասընթացի գլխավոր նպատակն է սովորողների մեջ մշակել և զարգացնել գեղարվեստական ճաշակ, շրջապատը տեսնելու և այն փոխելու կարողություններ և հմտություններ։
Աշխատանքային միջոցներ
Սովորողների տեխնոլոգիական հմտությունները զարգացնող ուղղություններ
- Նկարչական տարբեր նյութերով և պարագաներով աշխատանքներ (գուաշ, յուղաներկ, մատիտ)
- Գունավոր թղթերով, մկրատով, սոսնձով աշխատանքներ
- Թել ու ասեղով աշխատանքներ
- Կավով աշխատանքներ
- Թափոններով աշխատանքներ՝ պլաստիկ շշեր, շշերի կափարիչներ, հին ձայնասկավառակներ, թերթեր…
Նկարչական տարբեր նյութերով և պարագաներով աշխատանքներ
Վրձնով և գուաշով նկարելու համար անհրաժեշտ է տիրապետել մի քանի հնարքների, որոնք յուրաքանչյուր դասաժամի հետևողական աշխատանքի արդյունքում կզարգանա սովորողների մեջ: Կան պարզ գունավարժություններ, որոնք նյութի սկզբնական օգտագործման համար անհրաժեշտ է սովորել:
Յուղաներկով աշխատելու համար պետք է մի փոքր հմտացած լինել գուաշով նկարչության մեջ, քանի որ յուղաներկն ավելի խիտ նյութ է և ավելի դժվար է տարածվում: Բացի այդ յուղաներկով աշխատանքները հիմնականում կատարվում են միջավայրի բարեկարգման համար և ավելի կոկիկություն են պահանջում:
Մատիտներով նկարչությունն ավելի պարզ և ծանոթ է սովորողներին, սակայն այնտեղ նույնպես կան որոշակի նրբություններ:
Գունավոր թղթերով, մկրատով, սոսնձով աշխատանքեր
Գունավոր թղթերով աշխատանքն իր մեջ ներառում է մի քանի նյութի կիրառություն. մկրատ, սոսինձ, քանոն: Այսպիսի նյութերը նորություն են կրտսեր դասարանների սովորողների համար: Պետք է ավելի ուշադիր լինել և սովորեցնել կիրառման ձևերը, որպեսզի անվտանգ լինի աշխատանքը:
Թել ու ասեղով աշխատանքներ
Թել ու ասեղը մեզ անհրաժեշտ են տիկնիկագործության ժամանակ, սակայն ասեղի օգտագործումն ուսումնական պարապմունքի ընթացքում կարող է վտանգավոր լինել, եթե նախապես նախապատրաստական աշխատանքներ կատարված չլինեն:
Կավով աշխատանքներ
Կավը բնական նյութ է, որով աշխատելը դրական ազդեցություն է ունենում մարդու վրա, թե առողջության համար, թե նյարդային համակարգի: Սովորողների համար շատ սիրելի նյութ է կավը, ուստի այն հաճախ է օգտագործվում ուսումնական դասընթացների ընթացքում: Կավով աշխատելու համար պետք է ձեռք բերել կավով աշխատելու հմտություններ:
Թափոններով աշխատանքներ
Թափոններով աշխատանքներն իրենց մեջ ներառում են բոլոր այն նյութերը, որոնք արդեն օգտագործվել են և շատ հաճախ պիտանի չեն: Նմանատիպ աշխատանքերն ունեն դաստիարակչական նշանակություն, որովհետև սովորեցնում են խնայող և գնահատող լինել, ինչպես նաև զարգացնում են սովորողի երևակայությունը, քանի որ թափոնին «նոր կյանք» հաղորդելը հնարամտություն է պահանջում:
Նյութերի ընտրությունը հարմարեցրած է սովորողների տարիքային խմբին: Իսկ աշխատանքային ուղղությունները տվյալ նյութերով, շատ հաճախ սովորողներն իրենք են առաջարկում: